00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելու համար

10:04, 07 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Մոսկվան շնորհակալ է Բաքվին և Երևանին՝ նացիզմի հերոսացման դեմ Ռուսաստանի կողմից ամեն տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացվող բանաձևին աջակցելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև հետխորհրդային տարածքի մյուս պետությունների հետ հիմնված են ընդհանուր պատմական հիմքի վրա։ Կալուգինը դրա շրջանակում նշել է նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համատեղ ձեռքբերումները գիտության, արդյունաբերականացման, տիեզերքի յուրացման, սպորտի և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր մշակութային ավանդույթներն ու ռուսերենը՝ որպես միջէթնիկական հաղորդակցության միջոց։

Դիվանագետի խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն ունի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Ռուսաստանում կարևորում են այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի երկրներում պահպանվում է պատերազմի հերոսների սխրանքի հիշատակը, և նրանք ընկալվում են որպես սեփական պատմության մաս։

«Մենք շնորհակալ ենք Բաքվին և Երևանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում Ռուսաստանի կողմից ամեն տարի ներկայացվող՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարին վերաբերող բանաձևին աջակցելու համար»,- ասել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ «տուրբուլենտ ժամանակաշրջանում» ընդհանուր պատմական հիշողությունը կարող է հիմք ծառայել փոխըմբռնման ամրապնդման, քաղաքական իմաստության աղբյուրի և հարգալից ու հավասար հարաբերությունների կառուցման մեկնակետի համար։

Կալուգինը հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն համապատասխան գերատեսչությունների, գիտական և ակադեմիական կառույցների հետ համատեղ ընդլայնում է տարածաշրջանի երկրներում իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասի երկրների հետազոտողներին Ռուսաստանում պահվող արխիվային նյութերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ։

Մոսկվան նաև մտադիր է շարունակել գործընկերների հետ համատեղ աշխատանքը ընդհանուր պատմության ուսումնասիրման ուղղությամբ։ Որպես հնարավոր ձևաչափեր՝ դիվանագետը նշել է պատմաբանների համատեղ հանձնաժողովները, փորձագիտական համաժողովներն ու սեմինարները։

Նրա խոսքով՝ նման նախագծերը հնարավորություն կտան ընդլայնել տարածաշրջանի երկրների համագործակցությունը պատմահումանիտար ոլորտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր