Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Բավականին թեժ է հատկապես Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ընտրությունները։ Ի տարբերություն մյուս համայնքների, այստեղ 5 քաղաքական ուժ է առաջադրվել՝ «Ուժեղ Հայաստան», «Գործարար», «Հանրապետություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նկատենք, որ այսքան ուժ Ստեփանավանը «տիրելու» համար չի պայքարել 1996 թվականից սկսած։
Ուշագրավ է Ստեփանավան խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն։ Նա Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը: 2017-ին կրկին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել ու ընտրվել է խոշորացված Լոռի Բերդ համայնքի ղեկավար, իսկ չորս տարի անց նախկին հանրապետականը ճամբարափոխ է եղել՝ դարձել ՔՊ-ական:
Ներսիսյանը Հայաստանի հարուստ համայնքապետերից է։ 2023 թվականին նա հայտարարագրել է 51 անշարժ գույք, որոնց մեծ մասը՝ 45-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանցից 50-ը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան եւ Լոռի Բերդ համայնքներում, մեկը՝ Երեւանում։ Համայնքապետի հայտարարագրում նշված է 40 հողամասի, 5 բնակարանի, 1 արտադրական շինության եւ 2-ական բնակելի տան, ավտոտնակների ու հասարակական նշանակության շինությանների մասին։ Հայտարարագրել է 12 տրանսպորտային միջոց, որից 2-ը՝ FORD բեռնատար տրանսպորտ, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 6 գյուղտեխնիկա, 1 ZIL բեռնատար մեքենա:
Դրամական միջոցները տվյալ տարվա սկզբում կազմել են 40 հազար դոլար եւ 12 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 20 մլն դրամ։ 2026 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է 36 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ FORD բեռնատար եւ մարդատար, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 7 գյուղտեխնիկա: Տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է 60 հազար դոլար եւ 30 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 40 մլն դրամ:
Մի ուշագրավ հանգամանք եւս կա Արայիկ Ներսիսյանի հետ կապված: Գյուղապետ աշխատած տարիներին նա վաճառքի է հանել համայնքային հողերը ու հենց ինքն էլ այն գնել է։ Պարզվում է, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է հարուցել, եւ Արայիկ Ներսիսյանը համայնքին (պետությանն) է վերադարձրել ապօրինի օտարված գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 2 հեկտարը: Այս դրվագին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ «Հատիկ առ հատիկ» հողեր ու փողեր հետ «բերող» Փաշինյանը այս տարվա մարտի 16-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 804 հազար դրամ»։
Իսկական հրաշք ու «համերաշխություն» կարելի էր որակել այս ամենը, եթե գիտակից հանրության մոտ տպավորությունն այլ չլիներ։ Փաշինյանին պարզապես «փողոտ» թեկնածու է պետք, որ կուսակցության հնարավոր հաղթանակն ավելի մոտ լինի, ու կապ չունի, որ հերթական թեկնածուն զրո կապ ունի իր իսկ սահմանած «հեղափոխական» արժեքների հետ, կարևորը «դավանափոխ» է եղել, գրեթե այնպես, ինչպես Առուշ Առուշանյանը։
Irakanum.am