Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս-Ռանչպար խճուղու հարակից տարածքում իրականացվում է ապօրինի ավազահանում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, հատկացված սահմաններից դուրս, կազմակերպել է ապօրինի հանքարդյունահանում։
Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տվյալ տարածք, որտեղ առկա էին ավազի կույտեր։ Այդտեղ աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնիքվել են, իսկ մեկ բեռնատար տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։