Հայ եկեղեցին միշտ ամուր է, միշտ միասնական է, իսկ եթե մեկն իրեն ՀԱՍԵ միությունից, միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, ապա դա իր խնդիրն է։ Այդ մեկով, երկուսով, երեքով Եկեղեցին չի կազմալուծվում կամ կազմաքանդվում, որովհետև Եկեղեցին աստվածային հաստատություն է, ունի ուխտապահ դաս, որը երբեք չի կարող նվազել, սպառվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Ամենակարևորը՝ և հոգևորականների, և աշխարհականների դեպքում Եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն՝ որպես աստվածային հաստատություն, որպես Քրիստոսի խորհրդական մարմին։ Եթե այդ մարմնի մեջ ինչ-որ գոյացություն է առաջ գալիս, ապա այդ մարմինն ինքն իրեն այդ գոյացությունը հեռացնում է։ Եկեցեղեցու անսասանության առումով որևէ մեկը չի կարող կասկած ունենալ»,- ասաց Հայր Ասողիկը։
Մամուլում հրապարակված՝ եպիսկոպոսների կողմից իբրև ստորագրված ենթադրյալ փաստաթղթի մասին Հայր Ասողիկը մամուլից է իմացել, տեղեկություն չունի՝ վավերական է, թե՝ ոչ, ուստի, զերծ մնաց մեկնաբանություններից։
Անդրադառնալով հայտարարություններին, թե իբրև հաշված ժամեր են մնացել՝ Վեհափառի հեռացման համար՝ Հայր Ասողիկը նշեց․ «Անհեթեթ, անիմաստ հարցեր, հարցադրումներ, մտածումներ արտահայտելու կարիքը չկա։ Վեհափառ Հայրապետին՝ Ամենայն հայոց ազգընտիր և օծյալ Հայրապետին, որևէ մեկը՝ ոչ բարոյական, ոչ կանոնական իրավունք չունի հեռացնելու։ Սա այնպիսի հարց է, որը քննարկման ենթակա չէ, իսկ եթե որևէ մեկը հոգեխանգարմունք ունի և կարող է նման հարցեր բարձրացնել, հետապնդել, ես ասելիք չունեմ»։