ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասի հարևանների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը նախագահելու համար: Այս մասին գրում է The Washington Post-ը։
Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Ըստ նոր համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները կպահանջի Հարավային Կովկասով «Զանգեզուրի միջանցքը» զարգացնելու բացառիկ իրավունքներ, ինչը ցնցող կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի և Թուրքիայի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի տնտեսական և քաղաքական շահեր այդ ռազմավարական տարածաշրջանում։
Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պատմական հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը, այլ ոչ թե Կրեմլում, ակնառու կշտամբանք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի ազդեցությունը նախկին Խորհրդային Միությունում կտրուկ նվազել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։
Ուրբաթ օրվա արարողության ժամանակ երկրները նախատեսում են նաև ստորագրել համատեղ նամակ՝ պաշտոնապես խնդրելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը լուծարել 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու համար ստեղծված Մինսկի խումբը։ Խումբը գլխավորում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սակայն գրեթե երեք տասնամյակ տևած ընդհատվող դիվանագիտական բանակցությունները չեն կարողացել լուծել հակամարտությունը։
Ուրբաթ օրվա համաձայնագիրը տարանցիկ միջանցքի վերաբերյալ բանակցային խումբ կստեղծի, որն արդեն հաջորդ շաբաթ կարող է հանդիպումներ սկսել շահագրգիռ առևտրային մատակարարների հետ, հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Արձագանքելով գործարքի վերաբերյալ հայկական սփյուռքի քննադատությանը՝ պաշտոնյան նշել է, որ համաձայնագիրը կամրապնդի Հայաստանի դիրքերը՝ ամրապնդելով նրա անվտանգությունը և տնտեսական կապերը Միացյալ Նահանգների հետ։ Նա հակադրել է համաձայնագրի առևտրային զարգացման վրա շեշտադրումը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական խաղաղապահ ջանքերին, որոնք, նրա բնորոշմամբ, «ըստ էության պատերազմ են հրահրում»։
Մոսկվայի և Թեհրանի համար Միացյալ Նահանգների մասնակցությունը միջանցքին կսպառնա Հարավային Կովկասի միջոցով հյուսիս-հարավ առևտրի նկատմամբ նրանց վերահսկողությանը»: