Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ին տրամադրել բացառիկ երկարաժամկետ իրավունքներ տարանցիկ միջանցքի վրա, որը կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրի, «երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն», իսկ «Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար»։
«Առևտրային նպատակների համար արվող այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը գործակալությանը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Սպիտակ Տանը տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։