Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանը, նախկին քաղաքապետ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին բերման ենթարկելը քաղաքական է որակում: Irakanum.am-ի հետ զրույցում Մանուկյանն, ով այս պահին բազմաթիվ գյումրեցիների հետ Ոստիկանության ՇՄ կառույցի դիմաց է, ասաց, որ Ղուկասյանին Երևանից եկած ոստիկաններն են բերման ենթարկել:
«Առանց որեւէ բան ասելու, առանց որեւէ խոսք ասելու, Երևանից եկած ոստիկաններ են եղել, հինգ – վեց հոգի, մտել՝ անշնորհք ձևով տարել են: Հմի բազմաթիվ գյումրեցիներ են հավաքվել էստեղ, ոստիկանները չեն թողնում մեքենաներ մոտենան»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց, թե իրենք տեղյակ չեն, թե ինչի համար են բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին: Դիտարկմանը, թե ՆԳՆ-ից հայտնել են, որ ապօրինի զենք- զինամթերք պահելու կասկածանքով է նա բերման ենթարկվել, Մանուկյանն արձագանքեց.«Այ մարդ իրա խոսքը հենց զենք է, նա ճշմարտությունն է ասում, ինչ զենք»:
Մանուկյանը նշեց, որ կատարվողը քաղաքական է, քանի, որ բոլոր հարցումները ցույց են տվել, որ Վարդան Ղուկասյանն առաջատարն է, ինչը ձեռք չի տալիս իշխանությանը և հիմա նման բան են անում:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Վարդան Ղուկասյանը:
ՆԳՆ–ից Irakanum.am–ին հայտնեցին, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։