00:00:00

Պետք է անենք հնարավորը, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում. Ալեն Սիմոնյան

14:06, 21 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մեր իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության ու իրական լինելու մեջ, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարեւոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով: Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է, ինչի մասին են խոսում տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներն ու նրանց կողմից հրապարակված զեկույցները:

 

Ըստ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն այժմ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, սակայն մենք չպետք է սահմանափակվենք ձեռքբերված հաջողություններով ու պետք է անենք հնարավորը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում: Իհարկե, այս հարցում մեծ է նաեւ իրավապահ մարմինների դերն ու գործոնը, բայց, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, քաղաքացիներն այս կամ այն հարցում դժգոհություններ ունենան վերջիններիս գործողություններից, նրանք պետք է համոզված լինեն, որ հանձին ՄԻՊ-ի կա իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց ու որ, ի վերջո, իրենց ոտնահարված իրավունքները վերականգնվելու են:

 

Մեր իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության ու իրական լինելու մեջ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարգելի՛ աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս կարեւոր օրվա կապակցությամբ ու ցանկանում հաջողություններ ձեր պատասխանատու ու հանրության համար կարեւոր առաքելության մեջ»,-ասել է ԱԺ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր