«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկից 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական կայքում։
«ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացվել է, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին TEPCO-ն ջրի արտահոսք է հայտնաբերել Ֆուկուսիմա-1 ատոմակայանի երկրորդ էներգաբլոկում․ մշակված վառելիքի հովացման համակարգի պոմպակայանից և ջերմափոխանակիչից մոտ 25 տոննա ջուր է արտահոսել»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ արտահոսած ջուրը կոյուղու համակարգերով լցվել է նկուղներ։ Շրջակա միջավայր ջրի արտահոսքի մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ NHK հեռուստաալիքը ևս, հղում անելով TEPCO-ին, հաղորդել էր, որ ռադիոակտիվ նյութերով աղտոտված 25 տոննա ջրի արտահոսքը տեղի է ունեցել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկից։