Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին («Չաղ Ռուստամ») փորձում են ամեն գնով տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում։
MediaHub-ին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա որոշ թիմակիցների հետ մտերիմ հարաբերություն ունեցող «Չաղ Ռուստամին» օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության և ամեն ինչ արել են, որ նրան «Աստղիկում» պահեն կոմֆորտ պայմաններում: Փաստաբանը միջնորդել է, թե ծանր հիվանդություններ ունի՝ պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ։
MediaHub-ին որոշ դրվագներ են հայտնի դարձել այն ժամանակահատվածից, որ Ռուստամ Ստեփանյանն («Չաղ Ռուստամ») անցկացրել է «Աստղիկ» ԲԿ-ում:
Մասնավորապես, ըստ էության՝ կալանքի տակ գտնվող քրեական հեղինակության տեղաշարժը ամենևին էլ իր կարգավիճակի համապատասխան չի եղել, այսինքն՝ նա բավականին ազատ է իրեն զգացել քաղաքացիական հիվանդանոցում: Ավելին՝ հյուրեր է ընդունել, ճանապարհել:
Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ հյուրերի թվում է եղել նաև ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը՝ նախկինում Արագածոտնի մարզպետ, իսկ ներկայում՝ Նիկոլ Փաշինյանի օգնականը: Նրանց զրույցը տևել է մեկ ժամ։ Թե ինչ են խոսել՝ հայտնի չէ, բայց արդեն իսկ ուշագրավ է այն հանգամանքը, որ երկրի ղեկավարի օգնականը այցելում է քրեական հեղինակության, երբ վերջինս կալանք է կրում: