Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Կիրանց է այցելել։ Այդ մասին տեղեկանում ենք կոմիտեի տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, թե Վարդանյանը հետևել է Կիրանցի դպրոցի կառուցման ընթացքին։ Կիրանցի նոր դպրոցը, հիշեցնենք, Ադրբեջանի հետ նոր «սահմանից»՝ գյուղը կիսած պատից ընդամենը մետրերի հեռավորության վրա է գտնվում։
«Տավուշի մարզում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։ Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։