Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման հետ կապված վտանգավորության ամենաբարձր մակարդակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն օգոստոսի 14-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ԱՀԿ Արտակարգ իրավիճակների կոմիտեն mpox-ի նոր բռնկումը համարում է «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»:
Նրա խոսքով՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Ուգանդայում, որտեղ ավելի վաղ չէր գրանցվել mpox-ի տարածում, հայտնաբերվել է վարակման 90 դեպք վիրուսի 1b տարբերակով, որը բնութագրվում է հիվանդության ավելի ծանր ընթացքով և ավելի մեծ թվով մահերի հանգեցնում, քան նախորդ տարբերակի դեպքում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է վարակման արդեն ավելի քան 14 000 դեպք, մահացել է 524 մարդ։
Ընդհանուր առմամբ, այս տարի 13 աֆրիկյան երկրում գրանցվել է mpox-ով վարակման 17 000 դեպք, ինչը 160 %-ով ավելի է, քան 2023 թ. այդ նույն ժամանակաշրջանում, գրում է Reuters-ը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։