00:00:00

Անցկացվել է «Երիտասարդություն և նորարարություն. Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը

11:49, 13 օգոստոս 2024 Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացրել է «Երիտասարդություն և նորարարություն. Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը:

 ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցների հետ: Նախարարության ֆինանսավորմամբ Armenian Code Academy-ն ՏՏ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում դասընթացներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, ընդգրկված է ավելի քան 300 մասնակից: 

 Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, նշել է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտելիքով, առաջնորդությամբ իրենց առջև բացեն բոլոր դռները, իսկ տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները։

 Նախարարի տեղակալը ընդգծել է նաև նմանատիպ ծրագրերի կարևորությունը, որոնք միտված են ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի ամբողջ շրջանակը, ուղղորդելու երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

 Ռուբեն Սիմոնյանը երիտասարդների հետ կիսվել է իր փորձով և անցած ճանապարհով, հորդորել շատ կարդալ, սովորել օտար լեզուներ, ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաներ, զարգացնել մի շարք հմտություններ, որպեսզի լինեն պահանջված և մրցունակ մասնագետ:

 Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանն իր հերթին շնորհավորել է երիտասարդներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ և նշել, որ կարևոր է այս փուլում ընտրություն կատարել մասնագիտության հարցում և այդ ուղղությամբ զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ մասնագիտական հաջող ճանապարհ ունենալու համար։

 Հանդիպման վերջում ավարտական վկայականներ են հանձնվել Գորիս և Եղեգնաձոր քաղաքների շուրջ 50 մասնակցի, որոնք հաջողությամբ ավարտել են դասընթացները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր