00:00:00

Զապորոժիեի ատոմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել. Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրել են մեկը մյուսին

11:09, 12 օգոստոս 2024 Աշխարհ

Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանում երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի կադրերն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեղի ունեցածի համար մեղադրելով ռուսական կողմին և հայտարարելով, որ իրենք սպասում են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ու ամբողջ աշխարհի արձագանքին։

Ռուսական կողմն, իր հերթին, կատարվածի համար մեղադրել է Կիևին։ Ինչպես իր թելեգրամյան ալիքում հայտնել է Զապորոժիեի նահանգապետ Եվգենի Բալիցկին, ԱԷԿ-ում հրդեհը բռնկվել է ուկրաինական զորքերի կողմից Էներգոդար քաղաքի գնդակոծությունից հետո։ Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել ատոմակայանի հովացման համակարգում։  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածից հետո Կիևին մեղադրել է միջուկային ահաբեկչության համար։

Հաղորդվում է, որ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը, հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է։

Ավելի ուշ միջադեպին անդրադարձել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ընդգծելով, որ Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությանը վտանգ չի սպառնում։

«Փորձագետների թիմը տեղեկացվել է, որ այսօր անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարձակում է տեղի ունեցել կայանի հովացման աշտարակներից մեկի վրա: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հաստատել է, որ դա չի ազդի միջուկային անվտանգության վրա»,- ասված է ՄԱԳԱՏԷ-ի տարածած հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր