ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել օգոստոսի 11-ի առավոտյան Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի դեպքի առթիվ։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
«Օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, այլ անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ։ Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ»։