Ահաբեկչության վտանգի պատճառով Ավստրիայում չեղարկել են ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգը, ապա հայտարարել, որ դրա շնորհիվ կանխվել է մեծ ողբերգություն։
Մասնավորապես, Ավստրիայի ՆԳ նախարար Գերհարդ Քարները նշել է, որ իրենք նախապես տեղեկություններ են ստացել այլ երկրների հատուկ ծառայություններից նախապատրաստվող ահաբեկչության մասին և չեղարկել են համերգը։
Ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով ձերբակալվել է 19-ամյա մի երիտասարդ, ում մոտ հայտնաբերվել են քիմիական նյութեր։ Երիտասարդը խոստովանական ցուցմունք է տվել, այժմ փնտրում են նրա հանցակիցներին։
Ավստրիայի Պետական անվտանգության և հետախուզության ծառայության տնօրենն էլ հայտնել է, որ չարագործը ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել բեմի մոտ՝ օգտագործելով պայթուցիկներ և սառը զենք։
Պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը, որը «Իսլամական պետության» անդամ է, ահաբեկչությունը պիտի իրականացներ օգոստոսի 8-ին կամ 9-ին։ Թեյլոր Սվիֆթը Վիեննայում համերգով պետք է հանդես գար օգոստոսի 8-10-ը, նրա երեք համերգների համար 190 000 տոմս էր վաճառվել։