Օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1.40-ի սահմաններում, ՊԾ ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Իջնելով մեքենայից՝ ուղևորներից մեկը՝ Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, ճամփեզրի խոտածածկ տարածք է նետել պոլիէթիլենային տոպրակ, ինչը նկատել են պարեկները: Բացատրական աշխատանքի արդյունքում նա վերցրել է իր կողմից նետվածը և ներկայացրել պարեկներին։ Տոպրակում նռնականման առարկա և թմրանյութի նմանվող զանգված կար:
Ստուգմամբ պարզվել է, որ Նոր Արտամետի բնակիչ 21-ամյա վարորդը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք և մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Թմրանյութ և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին:
Անձնական խուզարկությամբ Նոր Արտամետի բնակիչ 23-ամյա ուղևորի պայուսակում հայտնաբերվել են դեղահաբեր և 1,5 գրամ դեղնականաչավուն զանգված:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: