00:00:00

Իշխանությունը 3 ամիս է աղետի վնաս է գնահատում, բայց արդյունքն այդպես էլ չի երևում. «Ժողովուրդ»

08:27, 08 օգոստոս 2024 Մամուլ

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը հունիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած, զոհ ունեցող 4 ընտանիքներին 1 միլիոն դրամ աջակցության տրամադրումը։ Տուժած մյուս ընտանիքներին, մասնավորապես՝ Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի 60 000 դրամ։

Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կտրամադրվի 40 000 դրամ։

Հայտարարվեց, որ աջակցության գումարները կվճարվեն նաև դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին։

«Ժողովուրդ» օրաթերթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացավ, որ փոխանցումներ դեռ չեն կատարվել, դրանք կլինեն առաջիկա շաբաթվա ընթացքում։

Դիմումների ներկայացման ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է։ Կա շահառու 250 ընտանիք, 850 անձ, ստացվել է դիմումների 80%-ը։

Հետաքրքիրն այն է, որ կան ընտանիքներ, որոնք բացի նյութական վնասից կորցրել են նաև տունը, տանիքը։

Գրեթե 3 ամիս է՝ կառավարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աղետի վնասի գնահատում են իրականացնում, որի արդյունքը այդպես էլ չի երևում։ Ենթակառուցվածքները, տները Լոռու և Տավուշի մարզերում ջրից քայքայվել են, շինությունների ներսում եղած ապրանքը դարձել է անպիտան, սակայն կառավարության ներկայացուցիչները տեղի տուժած բնակիչներին տալիս են սիմվոլիկ 40 կամ 60 հազար դրամ, որը կրած վնասի անգամ 25 տոկոս ծախսը չի բավարարելու։

Փոխարեն տնետուն անցնելու և հատ-հատ հաշվառելու տուժածների գույքը՝ կառավարությունը հայցում է դիմումներ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որը աղետի գոտուց ինտենսիվ ուղիղ եթերներով էր հանդես գալիս, ֆեյսբուքյան էջում հուլիսի 10-ից հետո որևէ հրապարակում չունի։ Հուլիսի 10-ի հրապարակումն էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման ծրագրի մասին է։

Լոռու և Տավուշի մարզերում կամուրջներ կան, որոնք մի քանի անգամ կառուցվել էին գետերի վարարումից հետո՝ ժամանակավոր կիրառման համար․ կանգնեցնելուց հետո դրանք պարզապես փլչում էին։ Բնակավայրեր կան, որոնց կապը քաղաքի հետ կապող կամուրջները ոչ միայն կիսախարխուլ են, այլ նաև վտանգավոր նույնիսկ ոտքով անցնելու համար։ Արդյոք, Հայաստանն ունի՞ հավելյալ բյուջե՝ մի քանի անգամ նույն կամուրջը կառուցելու, ապա «ջրին հանձնելու» համար։

Ասել, թե սա իշխանության անտարբերություն է, կնշանակի ոչինչ չասել»:

Ավելին՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր