Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Արտաշատ համայնքում կոռուպցիոն գործով 5 անձ է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաեւ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի օգնականը։
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար »,- ասաց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։
Հիշեցնենք, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։ Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
Irakanum.am