00:00:00

Կարծում եմ՝ հիմա շատերի համար է հասկանալի, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը և ինչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»․ Զաքարյան

17:03, 02 օգոստոս 2024 Հասարակություն

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր քաղաքացիների մի մասը մի օր պետք է գիտակցի, թե ինչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը»։

Թուրքիան սկսում է ավելի ու ավելի ակտիվ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ։ Միևնույն ժամանակ, այն կարևոր դաշնակից է դառնում միանգամից երկու հակադիր բլոկների՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակի համար։

Սակայն, այդ համագործակցությունը զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական նոր մրցակցության հետ, քանի որ ինքնավստահ դարձած Թուրքիան մարտահրավեր է նետում Ռուսաստանին` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հարավային Կովկասում Ադրբեջանին օգտագործելով որպես դարպաս՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։ Այսպիսով, անդրկասպյան աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է թյուրքական բլոկի հովանու ներքո՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և մշակույթը։

Մերձկասպյան տարածաշրջանում Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցության սկիզբը կարելի է համարել 2020թ. 44-օրյա պատերազմը և դրանում Անկարայի ունեցած խոշոր ներդրումը: Արդյունքում Թուրքիան Ադրբեջանի միջոցով ապահովեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս հաջողությունից ոգևորված՝ Թուրքիան և Ադրբեջանը որոշեցին ամրապնդել իրենց ռազմավարական դաշինքը 2021թ. Շուշիի հռչակագրով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ այդ համաձայնագիրը, որը ներառում է փոխադարձ ռազմա-պաշտպանական պարտավորություններ, Ադրբեջանի համար՝ որպես անվտանգության երաշխիք ապահովում է Մոսկվային իրական այլընտրանք։ Ոգևորված Ադրբեջանն օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության թեժացումից, 2023թ. սեպտեմբերին ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Արցախը և ավելի իրատեսական դարձրեց թյուրքալեզու երկրների լայն գերակայությունը ողջ մերձկասպյան տարածաշրջանում:

Թուրքիայի ինքնավստահ քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր հորիզոններ բացեց նաև Կասպից ծովի արևելյան կողմում։ Այն ցույց տվեց Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններին, որ Անկարայի հետ համագործակցությունը կարող է իրական օգուտներ բերել: Ղազախստանն ու Ուզբեկստանը Թուրքիայի հետ իրենց երկկողմ հարաբերությունները բարձրացրեցին բազմակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակի` կնքելով համաձայնագրեր ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զորքերի պատրաստումը, համատեղ զորավարժությունները և հետախուզական տվյալների հավաքագրումը: Թուրքական ռազմական արդյունաբերությունը արագորեն գերիշխող դիրք է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի անօդաչու թռչող սարքերի աճող շուկայում։

«Միջին միջանցք»

Կոմունիկացիաների պայքարում այսօր թյուրքական համագործակցությունն օգնում է նաև ակտիվացնել անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որն ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք» (այն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ), որպես Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար «Միջին միջանցքն» արտացոլում է Չինաստանի և Եվրոպայի միջև միջմայրցամաքային առևտրի իրենց տեսլականը՝ կապելով նրանց ԵՄ-ի Global Gateway, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգա նախագծերի հետ: Չինաստանը ծրագրում է նաև լրացուցիչ հարավ-կենտրոնական ասիական երթուղի կառուցել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման միջոցով, որը, հավանաբար, կապված կլինի «Միջին միջանցքին»։

Անկարայի տեսանկյունից այն նշանակում է «անխոչընդոտ» առևտրային ուղի Ստամբուլից դեպի Կենտրոնական Ասիա: Հարավային Կովկասի գլխավոր տրանսպորտային միջանցքը առայժմ շարունակում է մնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Վրաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Թուրքիայի, այնտեղից էլ՝ Եվրոպայի հետ։ Այս երթուղու թողունակությունը բավարար չէ անդրկասպյան առևտրի աճող հոսքերը սպասարկելու համար։ Այս համատեքստում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի չորս թյուրքական երկրները պարտավորվել են համատեղ առաջ մղել վիճելի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում։ Թեև Իրանը որպես այլընտրանք առաջարկել է իր տարածքով անցնող Արասի երթուղին:

Արևմտյան աշխարհում Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղիների աճող պահանջարկի ֆոնին տեղի ունեցան անդրկասպյան իրադարձությունների մի ամբողջ շարք՝ «Միջին միջանցք» նախագծի դերը բարձրացնելու նպատակով։ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան համաձայնեցրել են երթուղու զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2027թ։ Նրանք նպատակ ունեն դրա հզորությունը հասցնել մինչև 10 մլն տոննա բեռի՝ ներկայիս մոտ 2 մլն տոննայի փոխարեն։ Որպեսզի դա տեղի ունենա, «Միջին միջանցքի» շղթայում գտնվող պետությունները պետք է լուծեն մի շարք հարցեր, ինչպիսիք են տարանցման և առևտրի ընթացակարգերը, սահմանային անցումների և ծովային նավահանգիստների խցանումները, ինչպես նաև բեռնարկղերի և բեռնափոխադրումների անբավարար հզորությունը մեծ ծավալներով բեռնաթափելու համար: Այս նպատակով, 2024թ. հունվարին, ԵՄ-ն հայտարարեց, որ եվրոպական և միջազգային ներդրողները պարտավորվում են 10 միլիարդ եվրո ներդնել «Միջին միջանցքի» զարգացման ծրագրում։

Առևտրային տրանսպորտի և լոգիստիկայի խափանումները հատկապես խնդրահարույց են Ղազախստանի տնտեսության համար: Դեպի արևմտյան շուկաներ ղազախական նավթի արտահանման մոտ 80%-ն անցնում էր ՌԴ տարածքով: 2022թ. Ռուսաստանն ընդհատեց այդ հոսքը, որից հետո Ղազախստանը ստիպված եղավ դեպի Եվրոպա տարանցման շուրջ համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ։ Բնական գազի հսկայական պաշարներ ունեցող Թուրքմենստանը ևս ակտիվացրել է բանակցություններն Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրահանձնաժողովի հետ՝ երկար ժամանակ առաջարկված դեպի Եվրոպա Անդրկասպյան գազատարի շուրջ: Սա մի նախագիծ է, որն, ըստ մասնագետների, կպահանջի հսկայական ներդրումներ: Կենտրոնական Ասիայի ռեսուրսներով հարուստ երկրների համար Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է գազի և նավթի կարևոր հանգույց, ինչպես նաև առանցքային մուտք դեպի արևմտյան էներգետիկ շուկաներ:

Թյուրքական աշխարհի միասնությունը

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ընդունել են «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը» հավակնոտ ծրագիրը։ Նպատակն է կազմակերպությունը դարձնել ԵՄ-ի թյուրքալեզու համարժեքը՝ երաշխավորելով ապրանքների, կապիտալի, ծառայությունների, տեխնոլոգիաների և մարդկանց ազատ տեղաշարժը անդամ երկրների միջև։ Թուրքական ներդրումային բանկն առայժմ գտնվում է սաղմնային փուլում, իսկ մշտապես չեզոք Թուրքմենստանը, որը սովորաբար խուսափում է բազմակողմ կառույցներից՝ միացել է ԹՊԿ-ին՝ որպես դիտորդ: ԹՊԿ-ն նախատեսում է բազմաթիվ նախագծերի մշակում, որոնք ուղղված են թյուրքական համերաշխությանն ու միասնությանը: Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը TURKSOY-ն իրականացնում է համատեղ մշակութային և գիտական նախաձեռնություններ թյուրքական բլոկի մաս կազմող պետություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ առաջարկել է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն։

Փափուկ ուժի այս նախագիծը փաստացի ստացվում է հետխորհրդային թյուրքալեզու տարածքում՝ «Ռուսական աշխարհ» գաղափարի մրցակիցը: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի են ունենում սոցիալական և ժողովրդագրական փոփոխություններ, որոնք ազդում են դրանցում բնակեցված ժողովուրդների ինքնության ձևավորման վրա։ Կենտրոնական Ասիայի բնակչության ավելի քան 70%-ը մինչև քառասուն տարեկան է։ Ռուսական մշակույթը կորցնում է իր երբեմնի գերիշխող դերը տարածաշրջանում, քանի որ առաջին պլան է գալիս հետխորհրդային մի սերունդ, որը չունի ԽՍՀՄ-ում կյանքի հիշողություն:

Ի՞նչ է նշանակում Թուրքիայի աճող դերակատարումը լիբերալիստական Արևմուտքի համար

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության անկանխատեսելի հետևանքները Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին այլ ելք չեն թողնում, քան փորձել դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքական կապերը և այլընտրանքային ուղիներ փնտրել միջազգային շուկաներ դուրս գալու համար: Թուրքիան զգայուն է այլընտրանքային գործընկերությունների աճող պահանջարկի նկատմամբ։ Ընդլայնելով իր դիրքերը պաշտպանության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, որոնք միշտ եղել են Մոսկվայի ազդեցության առանցքը՝ Թուրքիան Կասպից ծովի տարբեր կողմերում հակակշիռ է դառնում Ռուսաստանին։

Լիբերալիստական Արևմուտքի համար Թուրքիան առանցքային դաշնակից է, որը պետք է լինի նրանց կողքին: Արևմուտքի համար թյուրքական աշխարհի կարևորությունը մեծանում է նրանով, որ այն կարող է խոչընդոտել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ձևավորված և հեռանկարում ընդլայնման պոտենցիալ ունեցող սերտ համագործակցությանը: Եթե Արևմուտքը վերոնշյալ եռյակի աճող ազդեցությանը չհակազդի, ապա այն կարող է ընդլայնվել արևելքում՝ Խաղաղ օվկիանոսից մինչև արևմուտքում գտնվող Միջերկրական ծով՝ ձևավորելով նոր աշխարհակարգի ազդեցիկ բևեռը:

Աշխարհաքաղաքական մրցակցության ներկա դարաշրջանում Թուրքիային, որը կայացած տարածաշրջանային տերություն է, կարելի է բնութագրել որպես «ճոճվող պետություն»: Չնայած այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն գաղափարապես չի հարում ոչ Արևմուտքին, ոչ էլ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռյակին: Ինչպես շատ այլ տարածաշրջանային և միջին տերություններ, Անկարան ակտիվորեն պաշտպանում է իր խաղադրույքները՝ պահպանելով տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական կապեր երկու բևեռների միջև:

Սակայն Թուրքիան ունի իր օրակարգը, որը չի ենթադրում ենթակայություն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին։ Հետևաբար, Արևմուտքի շահերից է բխում օգնել Թուրքիայի ծրագրերին՝ թյուրական պետությունների միավորմամբ դառնալ հակակշիռ Մոսկվա-Պեկին-Թեհրան առանցքին։ Նման քաղաքականության անբաժանելի մասը պետք է լինի թյուրքական աշխարհի աճող միավորմանն աջակցությունն ու զարգացումը և Կասպից ծովի արևելքում և արևմուտքում տեղակայված պետությունների ավելի սերտ համագործակցությունը եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ: Այդ նպատակով արևմտյան տերությունները մեծացնում են աջակցությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Այս համառոտ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ճիշտ են Հայաստանում տարածված այն համոզմունքները, որ Փաշինյանի և իր շրջապատի համար իշխանության զավթումն ու այն ամեն գնով պահպանելը՝ խոշոր ուժերի համար ի սկզբանե եղել է հեռանկարային: Այն պետք է ամեն գնով հանձներ Արցախն Ադրբեջանին, ամեն գնով “խաղաղություն” կառուցի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն գնով կտրի Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը՝ բացելով Թուրքիայի ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, ամեն գնով խզի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այլն: Այս ամենից դժվար չէ կռահել, թե արդյունքում ո՞ր պետություններն են հայտնվելու շահեկան վիճակում, և ո՞ր պետությունն է կանգնել գոյաբանական վտանգի առջև, որից միակ ելքը կարող է լինել ՀՀ-ում իշխանության փոփոխությունը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով արդարացիորեն ասել է, որ 2018թ. ինքն իշխանությունը չի հանձնել Նիկոլին, այլ պարտվել է խոշոր ուժերի (խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտների): Կարծում եմ, հիմա շատերի համար է հասկանալի, թե ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը և ի՞նչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր