00:00:00

Վահան Քերոբյանի գործով առաջին դատական նիստը րոպեներ է տևել

19:31, 31 հուլիս 2024 Իրավական

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի գործով այսօր կայացած առաջին դատական նիստը րոպեներ տևեց, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Դատական նիստին չի ներկայացել հանրային մեղադրողը՝ դատարանի թույլտվությամբ։ Վահան Քերոբյանը խնդրեց՝ հնարավորության դեպքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության քննությունը հնարավորինս շուտ իրականացնել, քանի որ իր որդին ԱՄՆ-ում համալսարան է ընդունվել և ինքը միակն է, որ կարող է նրան ուղեկցել, եթե դատարանը հարկ համարի փոխելու խափանման միջոցը։ Նախագահողը պարզաբանեց, որ միջնորդությունը ստացվել է դատական նիստից առաջ, հանրային մեղադրողը, որը դատարանի թույլտվությամբ բացակայում է, ծանոթ չէ միջնորդությանը, ուստի, դատական նիստը հետաձգվեց։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վահան Քերոբյանն անդրադարձավ իր և Անի Իսպիրյանի ցուցմունքներին, որոնցում իրավապահները հակասություն են տեսել, Քերոբյանը, սակայն, պնդում է՝ հակասություն չկա։ Ըստ Քերոբյանի՝ Անի Իսպիրյանին մոլորեցնող հարցեր են տվել ու ստացել գլխավոր նախադասությունն իր դեմ։

«Երբ դատախազությունն ասում է, որ կան էական հակասություներ իմ ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի ցուցմունքների միջև, դա ցույց է տալիս, որ նա, ըստ էության, ժամանակ չի ունեցել դիտելու Իսպիրյանի գործով վերջին դատական նիստի ձայնագրությունը։ Իրականում մոլորեցնող հարցերի ու փաստերի արդյունքում նրա 1-ին և 2-րդ հարցաքննությունների արդյունքում ստացել են գլխավոր նախադասությունը, որ Անի Իսպիրյանն ամեն ինչ արել է իմ հանձնարարությամբ»,- նշեց Քերոբյանը՝ հավելելով, որ փետրվարի 5-ի ցուցմունքում Իսպիրյանն ասել է, որ նախորդ երկու ցուցմունքները մեծ մասամբ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ու կան բազմաթիվ սխալ փաստերի արձանագրումներ։ Քերոբյանն ընդգծեց, որ կարող է փաստել, որ Իսպիրյանն իր պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ գործողություններ է կատարել սեփական որոշմամբ, որը իր՝ Քերոբյանի, կարծիքից տարբերվել է։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի գործով այժմ մեղադրյալի կարգավիճակում է նախկին նախարար Վահան Քերոբյանը և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Սիմոնյանը, քանի որ վերջիններս չեն միջնորդել դադարեցնել քրեական հետապնդումը՝ գործուն զղջման հիմքով։ Փոխարենը՝ առանցքային մյուս մեղադրյալների, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են՝ գործուն զղջման հիմքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր