Մայիսի 17-ԻՆ՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։ Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված։
Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել՝ նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: