Բագրատ Սրբազանի տեւական ժամանակ վիճաբանելուց հետո ոստիկանները ի վերջո տեղի տվեցին երթի մասնակիցների ճնշմանը եւ բացեցին ճանապարհը։ Բագրատ Սրբազանն այս պահին համակիրների հետ շարժվում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի:
Նշենք, որ մինչև այդ՝ երթի մասնակիցները երկար կանգնած էին Հյուսիսային պողոտայում, Բագրատ Սրբազանը վիճաբանում էր ոստիկանների հետ՝ պահանջելով բացել ճանապարհը։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ նախապես նշված 20:00-ի փոխարեն Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու մինչևն 22:00-ը, քանի որ ըստ նրա, հարգելի պատճառով, Օպերայի ներսում իրականացվող միջոցառումը նախատեսվածից ավելի ուշ է ավարտվելու: Բագրատ Սրբազանը վրդովվեց այդ հայտարարությունից, ոստիկաններին ստախոս անվանեց, և ասաց, որ նրանք ծառայում են միայն մեկ մարդու:
«Ստախոսության ամբողջ պարկ եք սարքել, լցրել մեր գլխին, ինչքան խաբեություն կա՝ արե՛ք: Էս մարդկանց մեջ հոգի չկա, գծած մարդիկ են»,-ասաց նա:
Դրանից հետո Բագրատ Սրբազանը և ոստիկանները շարունակում էին վիճաբանել, և ոստիկաները զսպվածության կոչ էին անում Բագրատ Սրբազանին, հորդորում չսադրել:
«Դուք եք սադրում, այսքան ոստիկանի այստեղ լինելն արդեն սադրանք է»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը: