00:00:00

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով ՔԿ–ում վարույթ չի նախաձեռնվել

16:35, 13 մայիս 2024 Իրավական

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստով մինչ այժմ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Ըստ երևույթին իրավապահ համակարգի ներկայացուցիչները ևս շարունակում են գործել ընտրողաբար։ Հիշեցնենք, որ երբ օրերս ԱԺ–ում էր միջադեպ տեղի ունեցել իշխանական լրագրողի ու ընդդիմադիր պատգամավորի միջև, իրավապահ համակարգը շատ արագ արձագանքեց ու կալանավորեց Լևոն Քոչարյանի օգնականին։ Այս պարագայում երբ լրագրողի նկատմամբ բռնությունը կատարվում է ուղիղ եթերում ոստիկանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում։

Irakanum.am–ը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, կա արդյո՞ք կոմիտեում նախաձեռնված վարույթ։ «Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծում է համապատասխան հաղորդում ստանալու դեպքում։ Նախորդ բոլոր դեպքերում այդպես է եղել։ Նշվածի հետ կապված առ այս պահը մենք հաղորդում չենք ստացել»,– ասաց Գոռ Աբրահամյանը։

Մենք փորձեցինք ճշտել նաև թե ինչ քայլեր են ձեռնարկել ՆԳՆ–ում։ Կառույցի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, թե լրագրող Մերի Մանուկյանի միջադեպի գործով ՆԱՀՎ–ում (ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում) նշանակվել է ծառայողական քննություն։

Միաժամանակ մեկ այլ ծառայողական քննություն էլ սկսվել է լրագրող Հասմիկ Առաքելյանին վիրավորած ոստիկանի նկատմամբ։

Ի դեպ գլխավոր դատախազությունը ևս լռում է։

Նշենք, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիր բերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ, ինչի մասին արել են հրապարակային հայտարարություն:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր