Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը համացանցում հրապարակված տեսանյութում ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել իր և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնակցությամբ միջադեպը։
«Այո, միջադեպ եղել է իմ և Դավիթ Լևոնյանի միջև։ Նա վերջին շրջանում աչքի է ընկնում եկեղեցուն վարկաբեկելու «առաքելությամբ»։ Երբ նրան տեսա այսօր ԱԺ բակում, մոտեցա, սկսոեցի ասել, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ սկսում եկեղեցու դեմ, ես որպես հայ իմ պարտքն եմ համարում պաշտպանել, տվյալ պարագայում եկեղեցու մեջքին լինել։ Նրան ասեցի, որ այն մարդը, որը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն և հոգևորականներին, դա բարոյազուրկ պրոցես է։ Սրան ի պատասխան նույն մեղադրանքն իմ նկատմամբ հնչեց, այո, ես նրան մեկ անգամ հարվածել եմ, նա ընկել է գետնին, ես նրան չեմ մոտեցել, նա ոտքի կանգնեց, սկսեց բղավել, այդ սադրանքներին չեմ տրվել։ Չգիտեմ՝ ինչպես կորակեք, բայց ինձ համար ցավոտ է, որ մարդիկ անցնում են կարմիր գծերը։ Ցավոտ է, որ այսօր ՀՀ-ում հայերի կողմից թիրախավորած է Առաքելական եկեղեցին։
Այդ երիտասարդը մինչև վերջ չհասկացավ՝ իմ բողոքն ու զայրույթն ինչի մեջ էր»,- ասել է Սուքոյանը։
Նշենք, որ Սուքոյանին երեկ կալանավորել են։ Ավելի վաղ նա իր փաստաբանների հետ մի քանի անգամ փորձել էր ներկայանալ ոստիկանական բաժանմունք՝ տեղի ունեցածի մասին մանրամասներ ներկայացնելու, սակայն նրան արդեն իսկ ձերբակալման որոշում էր կայացվել։