Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարագածոտնի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած հաշվեհարդարը (վենդետան), հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Սամվել Ո.-ն, 26-ամյա Դանիել Ո.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գարեգին Ե.-ն և ոմն Դավիթ Ի.-ն, ում տվյալներն ու բնակության վայրը պարզվում են, նշված վայրում ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Շ.-ին և 29-ամյա Իգիթ Շ.-ին:
Հենց տեղում ոստիկաններն ու պարեկները ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել կռվի մասնակիցներից Սամվել Ո.-ին, մնացածը, տեսնելով հեռվից մոտեցող Պարեկային ծառայության ավտոմեքենաները, դիմել են փախուստի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սամվել և Դանիել Ս.-երը հարազատ եղբայրներ են, հարազատ եղբայրներ են նաև Նորայր և Իգիթ Շ.-երը:
Տեղում պարզվել է նաև, որ մասնակիցներից մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ապա բախվել քարե պարսպին և փլուզել այն:
Այս պահին ոստիկանությունը պարզել է նաև, որ մինչև նշված վարում իրենց «ռազբոռկան» շարունակելը, նրանք եղել են Ջրվեժում գործող ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, ապա, չգիտես ինչու, այնտեղից «կտրիճ տղերքը» եկել են Աշտարակի «Գայի պոստի» մոտ ու շարունակել իրենց հակաօրինական գործողությունները: