00:00:00

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է

22:11, 24 ապրիլ 2024 Իրավական

«Մարտական Եղբայրություն»֊ը հայտարարություն է տարածել․

Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։

Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։

Դեպքերի ամբողջական տեսանյութում (https://fb.watch/rCk7w2Fidc/) երևում է ԵԿՄ անդամի հետ Մարտական Եղբայրության հանդարտեցնող զրույցը, ԵԿՄ անդամի կողմից մեքենան մարդկանց վրա քշելու հրահանգը, հրահանգը կատարող վարորդը, ժողովրդի կողմից մեքենան հետ հրելը, մարդկանց վրա երկու ոտքով ցատկող՝ մինչ օրս ինքնությունը չբացահայտված անձը, և միջադեպի ողջ ընթացքում Ոստիկանության հանցավոր անգործությունն ու ակնհայտ հովանավորչությունը սադրիչների հանդեպ։

Հիշեցնում ենք, որ վերոնշյալ սադրիչներն ու խուլիգանները շարունակում են մնալ ազատության մեջ, իսկ Արման Պետրոսյանը (ծնվ. 1992 թ.) կալանավորվում է։

Հակիրճ ներկայացնում ենք Արմանի մարտական կենսագրությունը։

2010-2012 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի 10 Լեռնահրաձգային դիվիզիայի 5-րդ պաշտպանական շրջանի զորամասում:

2012 թ. օգոստոսի 29-ին միջդիրքային հատվածում վնասազերծել է հակառակորդի սպային՝ հասցնելով մահացու վիրավորում, որի համար պարգևատրվել է Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալով:

2016 թ.֊ին կամավոր մեկնել է մասնակցելու Ապրիլյան պատերազմին: Պարգևատրվել է Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալով:

2017-2018 թթ., որպես պայմանագրային, ծառայել է Իջևանի զորամասի ենթակայության տակ գտնվող Սև Քարի առանձին գումարտակի հետախուզական դասակում:

2020 թ. սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ը, որպես կամավոր, մասնակցել է 44֊օրյա պատերազմին։

Հոկտեմբերի 5-ին մասնակցել է Արեգասարի գրոհին, որի ժամանակ հակառակորդը տվել է 140-ից ավել զոհ։

Հոկտեմբերի 8-ին, ներթափանցելով հակառակորդի թիկունք, դիվերսիոն գործողությամբ ոչնչացրել է երկու БТР 82А տեսակի զրահատեխնիկա:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1֊ը, Չախմախ կոչվող հատվածում ,մասնակցել է Քարին տակի պաշտպանությանը:

Հոկտեմբերի 30-ին մասնակից է եղել Սղնախի համար մղվող մարտերին:

Պարգևատրվել է ԱՀ Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալով:

2022-2023 թթ. ծառայել է Արցախի ԱԱԾ Հատուկ նշանակության վարչությունում` որպես մարտական պատրաստության գծով հրահանգիչ:

Մասնակցել է 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի թիկունքից երկու մոլորված հայ զինծառայողների դուրս բերմանը։

2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, լինելով Վարչության կազմում, կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի մատույցներում:

2023 թ. վերջիններից է եղել, որ լքել է Արցախը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր