Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարանում նախ քննարկման առարկա դարձվեց դատախազի՝ պատճառված վնասի փոխհատուցման և գույքային հայցի պատասխանող ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, որով դատախազը պահանջում էր մեղադրյալներին ճանաչել որպես գույքային հայցի պատասխանող՝ հետագայում պատճառված վնասի փոխհատուցման հարց բարձրացնելու համար։ Դատարանը հայցադիմումը չընդունեց՝ նկատելով, որ այս դեպքում պետությանը վնաս չի պատճառվել, հետևաբար, նման հայց չի կարող ներկայացվել։ Այնուհետև դատարանում քննարկման առարկա դարձվեց ապացույցների թույլատրելիության հարցը,թեև պաշտպանության կողմը պնդում էր, որ առաջնահերթ պետք է քննակվի Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը, քանի որ անձի՝ ազատության հարցն առաջնային է, իսկ նյութերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ժամանակ է պետք։ Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դատական օրը շուտով կավարտվի, սակայն կալանքի հարց չի քննարկվել։ Արմեն Աշոտյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով իրեն տրամադրել իր անձի վերաբերյալ բոլոր նյութերը՝ արտաքին և ներքին դիտումները, խուզարկությունը, ութ տարվա վաղեմության բոլոր զանգերի վերլուծությունը, որոնք հիշատակվում են 36 հատորում, բայց չեն տրամադրվել, ինչպես նաև՝ իր անձի բնութագրությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մայր գործի նյութերը։
«Ինձ երկու ամիս ոտքից գլուխ պռասլուշկա են արել, կա՞ն այդ տվյալները գործի նյութերում»,- հայտարարել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։