00:00:00

Թորոսյանի՝ հանցագործության մասին հաղորդումն ու իրավապահների արձագանքը

13:30, 29 մարտ 2024 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեն ընդհանրական, կոնկրետությունից զուրկ ու չփաստարկված է համարում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ հաղորդումը՝ հանցագործության մասին գրառումը։ Այսօր նախկին նախարար, ներկայիս պատգամավոր Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել․ «Անմեղ մարդկանց հանդեպ անհիմն մեղադրանք առաջադրող քննիչները և այդ կառույցների ղեկավարները, ինչպես նաև հսկող դատախազները ոչ միայն պետք է ազատվեն իրենց պաշտոններից, այլև այս դեպքերի վերաբերյալ պետք է հարուցվեն քրեական գործեր արդարադատությանը խոչընդոտելու հիմքով, որի շրջանակներում պետք է քննվի, թե օրինակ քննիչներին ո՞վ և ինչպի՞սի հանձնարարականներ է տվել անմեղ մարդկանց «գլխին սարքելու» համար: Հուսով եմ այդ քննիչները այս անգամ արդեն այլ նախաքննական մարմնում և այլ ղեկավարների օրոք կպատմեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Եվ այդպես, բոլոր նմանատիպ գործերով:

Հ.Գ. գրառումս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին»:

Irakanum.am–ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն անդրադառնալով Թորոսյանի հայտարարությանը ասաց․ «Ընդհանրական, կոնկրետությունից զուրկ և առանց որևէ փաստական հիմքի արված դատողությունները Քննչական կոմիտեն չի մեկնաբանում»։

Նշենք, որ Արսեն Թորոսյանը գրառումն արել էր, կիսվելով ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա տեղեկացնում էր, որ արդարացվել է։ «Սիրելի՜ հարազատներ,բարեկամներ,ընկերներ,

այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ հիմքով վերացվեց իմ նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել։

Հ.Գ. Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ օրերին մեծ հրճվանք ապրող, բումերանգի կանոնները վերհիշող , իրենց պատկերացման «արդարադատության՝ նոր փուլ թևակոխելու «առիթով» «բրավո»  բղավող չկամեցող ծանոթ և անծանոթներին, քանի որ հենց իրենք են փաստում ամբողջ կյանքում իմ արդար և միշտ ճշմարտության համար պայքարող տեսակը»։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել էր Երևանի այդ ժամանակվա փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Նույն  գործով անցնում էր նաև «Մեդլայն կլինիկի» տնօրենը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դեղակայուն բաժանմունքի ղեկավարն  ու ևս 8 այլ անձինք։

Ու մեկ տարի անց արդարացման հիմքով վերացվել է  ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, որի մասին, բնականաբար, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն չեն տարածել: Ամենայն հավանականությամբ Աննա Վարդապետյանը հաղորդագրություն գրողների ու տարածողների հետ հերթական համերգին է եղել, իսկ Սասուն Խաչատրյանի կառույցն էլ հարկ չի համարել լուրը հայտնել։

Նշենք նաև, որ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Գլխավոր դատախազությունից։ Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը նախ խոստացավ մեկ ժամից արձագանքել, սակայն հետո հեռախոսազանգերին չպատասխանեց։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր