«Սկզբից չէին ուզում քրեական գործ հարուցել, այնուհետև հսկող դատախազի հանձնարարությամբ, այնուամենայնիվ, հարուցվեց քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելը, որն ուղեկցվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»,- Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Շուշան Ավետիսյանի եւ Ռազմիկ Բաղդասարյանի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Շուշան Ավետիսյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսվել լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Շուշան Ավետիսյանն ասաց, որ այս դեպքերից հետո Հռիփսիմե Ջեբեջյանը նշել էր, որ ինքը կաշկանդվածություն է զգում իր հրապարակումներում՝ մտածում է՝ հրապարակում կատարի՞, թե՝ ոչ, եթե կատարի, ի՞նչ հետևանքներ կունենա իր համար։ Փաստաբանները նաև շեշտեցին՝ հատկանշական է այն, որ սպառնալիք հնչեցրած անձինք ճանաչում են լրագրողներին, սակայն լրագրողները նրանցից ոչ մեկին չեն ճանաչում, և վտանգ կա, որ այդ սպառնալիքն ամեն օր կարող է իրականանալ։ Ռազմիկ Բաղդասարյանն ասաց՝ նախաքննական մարմնի կողմից խնդիր էր բարձրացվել, թե կոնկրետ ինչ ձևով է արտահայտվում մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը․ «Պարզ ու հասարակ՝ կան օգտատերեր, զանգված, որը բացահայտ սպառնալիքներ է ներկայացնում անձանց, հանդես են գալիս չակերտավոր ֆեյք անվանումների ներքո, բայց անձը նրանց չի ճանաչում։ Ունենք իրավիճակ, որ լրագրողները անկախ մասնագիտական գործունեություն ծավալելիս չեն պատկերացնում՝ որտեղ կարող են այդ գործողություններն իրենց ամփոփումը ստանալ՝ իրենց նկատմամբ հարձակում, բռնություն իրականացվի»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am