Օրեր առաջ, տեղյակ եք, ինձ պատկանող մեքենան, իմ բնակության վայրի հարևանությամբ, հայտնաբերեցի հրդեհված: Հանցագործն ինձ համար պարզից էլ պարզ էր. Մարտին Ամիրխանյանն էր, ում կնոջը` իմ ընկերուհուն, իմ պաշտպանության տակ էի վերցրել: Ինքը` հանցագործը, ֆեյսբուքյան էջում խոստովանեց իր կատարածը` գրելով. «Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ»:
Քննչական կոմիտեի խոսնակն էլ, ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների, գրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել և որ «վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձնավորությունը»: Գոռ Աբրահամյանը չէր մոռացել շեշտել նաև, որ «ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի», թեև նշել էր, որ այդ տվյալները «խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա են»:
Ինչևէ: Այսօր իրականությունն այն է, որ ոչ միայն իմ մեքենան հրդեհած, այլև իր կնոջը սպառնալիքներ հնչեցրած Մարտին Ամիրխանյանն ազատության մեջ է: Քննչական կոմիտեն նրան կալանքի չի տարել, դատախազությունն էլ իր հերթին դեմ չի եղել իր հանցանքը խոստովանած տղամարդուն ազատության մեջ թողնելուն:
Ինձ մնում է միայն եզրակացություն անել, թե ով ում է սիրաշահում. Արգիշտի Քյարամյանը` Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Աննա Վարդապետյանը` Աննա Հակոբյանին, որին հաճախ ստիպված է լինում այստեղ-այնտեղ ուղեկցել:
Հպանցիկ հիշեցնեմ, որ Փաշինյանի ընդդիմախոս Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր անհասցե «վիրավորանք» հասցնելու համար, մահացավ հենց անազատության մեջ (ականջը կանչի նրան կալանքի տակ պահած դատավորի, ով ևս հայտնվեց կալանքի տակ), Նարեկ Մալյանն ամիսներ շարունակ կալանքի տակ է ֆեյսբուքյան գրառման համար, թե` սպառնալիք է գրածը: Իսկ երբ գետնի վրա, գործնականում տեղի է ունենում բացահայտ հանցագործություն` այրում են իմ մեքենան, իսկ բնակարանի սեփականատեր կնոջը ու համատեղ երեխաներին թողնում են դրսում` փոխելով տան կողպեքը, ոչ ավել, ոչ պակաս, սպանության սպառնալիք տալիս կնոջը, այժմ էլ, միջնորդավորված շարունակում սպառնալիքները, այդ ամենի հեղինակին բաց են թողում:
Այստեղ հետ գամ Գոռ Աբրահամյանի գրառման այն հատվածին, թե միջադեպը կապված չէ Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ: Իսկապե՞ս` ուզում եմ հարցնել: Ուզում եք ասել, որ եթե հրդեհած լինեին մի հերթական նիկոլականի մեքենան, էլ չեմ ասում, թե նրա ընկերուհուն էլ սպանության սպառնալիք տված լինեին, էլի՞ լինելու էին ազատության մեջ, թե՞ այսպիսով հող եք նախապատրաստում ոչ միայն ինձ, այլև ուրիշ ընդդիմադիրների համար, որ կարելի է նրանց դեմ մեծ ու փոքր հանցագործություններ անել ու անպատիժ մնալ:
Այս մասշտաբների անպատժելիության մթնոլորտ մի՛ ստեղծեք, տիկնայք և պարոնայք, չէ՞ որ դուք էլ ընտանիքներ ունեք, դուք էլ հարազատ կանայք ունեք, ովքեր ձեր պաշտպանության կարիքն ունեն կամ ունենալու են... վաղ թե ուշ:
Իսկ իշխանությունը հավերժ չէ, էլ չեմ ասում` որպես Նիկոլի ենթակա աշխատող իշխանությունը...
Արիանա Հովսեփյան