00:00:00

Արցախի միակողմանի բնակեցումը եռակողմ հայտարարության խախտում է․ Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

12:51, 23 հունվար 2024 Լեռնային Ղարաբաղ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող միակողմանի բնակեցման քաղաքականությանը։ 

 Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.

«Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շարունականան և միակողմանի բնակեցման քաղաքականությունը, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի խախտում։ Վերջինս ենթադրում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն չի նպաստել կամ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղից 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված հայ բնակչության վերադարձի գործընթաց, այլև 2023 թ․ առհասարակ էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածում բնակվող ավելի քան 100 հազար բնիկ հայությանը՝ գործնականում 3 տարվա ընթացքում հայաթափելով ամբողջ Լեռնային Ղարաբաղը։ 

 

Զուգահեռաբար Ադրբեջանը միակողմանիորեն շարունակում է արագացված կերպով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝, հայ փախստականների կողմից լքված բնակավայրերում առանց որևէ վերահսկողության բնակեցումը անհայտ ինքնությամբ և ծագումով անձանցով՝ այդ գործընթացը որակելով որպես «վերադարձ հայրենիք» կամ «պատմական արդարության վերականգնում»։ 

 

Սակայն նման պաթետիկ ձևակերպումների տակ ադրբեջանական քարոզչամեքենան փաթեթավորում է խնդիրների մի ամբողջ համախումբ։ Նախ այդպիսով Ադրբեջանը նպատակ ունի ստեղծել բացառապես ադրբեջանաբնակ ժողովրդագրություն ամբողջ Լեռնային Ղարաբաղում՝ բացառելով անվտանգության որևէ երաշխիքի տրամադրում բռնի տեղահանված հայության վերադարձի պարագայում։ Մյուս կողմից դեռ խնդրահարույց է՝ ովքեր են վերաբնակեցվում Լեռնային Ղարաբաղում։ Մանավանդ այն պարագայում, որ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանների նախկին բնակիչների մեծ մասը դեռ չի վերաբնակեցվել, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի թույլատրում ոչ միայն հայերի, այլ նաև իր քաղաքացիների մուտքը։

 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դիմում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ տեղյա՞կ են արդյոք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթած տարածքներում միակողմանի բնակեցումներ կատարելու գործողություններին և վերահսկու՞մ են արդյոք այն, գիտե՞ն արդյոք, թե ում են բնակեցնում և վերջապես ինչո՞ւ է Ադրբեջանն այդ գործողությունը սկսել միակողմանի»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր