SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը` ժամը 15:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը օդանավակայանում նկատել է մի քաղաքացու, ով տարօրինակ վարքագիծ է դրսևորում։
Ոստիկանը մոտեցել է այդ քաղաքացուն, ով հայտնել է, որ իրեն օդանավակայանում թույլ չեն տալիս մեկնել Ստամբուլ։ Ու մինչ ոստիկանը փորձել է պարզել եղելությունը, քաղաքացին նրա տեսադաշտից հեռացել է։ Բարեբախտաբար, ոստիկանության ծառայողը պարզել է, թե որ ուղղությամբ է նա գնացել, ու արդեն տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին գնացել է օդանավակայանի տարածքում գործող «Լավազա» սրճարան և հայտնել, որ ինքնասպանություն կգործի՝ պատշգամբից ցած նետվելով։
Ոստիկանության ծառայողը կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Պարզվել է, որ նա օտարերկրացի, 27-ամյա Սումայա Լ.-ն է։ Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։