Գյումրիում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին տեղեկություն հաստատեց ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել: Հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել»,- նշեցին դատախազությունից։
Նշենք, որ խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացուն։