ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Հարցաքննվել են մի շարք անձինք։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպին։ «Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապրիլի 23-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։
Ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դավիթ Մինասյանը և 33-ամյա Գոռ Մարտիրոսյանը իրենց ընկերների հետ միասին՝ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով՝ շուրջ 10 րոպե շարունակ խախտել հասարակական կարգը, բռնություն են գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Irakanum.am-ի տեղեկություններով Դավիթ Մինասյանը հարցաքննվել է, սակայն ոչ նա, ոչ էլ միջադեպի մյուս մասնակիցները դեռ քրեական գործով որեւէ կարգավիճակ չունեն։
Irakanum.am