Տեղի է ունեցել ուսուցիչների ատեստավորման հերթական փուլը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ բողոքարկման փուլը ևս ավարտվել է:
«Ուսուցչական կազմի և այն առարկայացանկը, որով կարող էին ատեստավորվել, շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29 441: Ատեստավորման համար գրանցվել են 3886-ը: Նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15 417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9 տոկոսը: Այս տարի գրանցվել է շուրջ 13 տոկոսը: Այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60 տոկոսը՝ 2300 մասնակից»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ ատեստավորվել է մասնակիցների 2/3-ը կամ 66 տոկոսը:
Նա ընդգծեց, որ 30 տոկոսի չափով հավելավճար կստանա մասնակիցների 23 տոկոսը, 40 տոկոս հավելավճար կստանա մասնակիցների 17 տոկոսը, և 50 տոկոս հավելավճար կստանա 6 տոկոսը:
ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ հորդորեց քաջալերել ուսուցիչներին մասնակցել գործընթացին: