Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին:
«Ուրախ լուր ունենք:
Ստացանք մետրոյի նոր՝ այդքան սպասված Աջափնյակ կայարանի կառուցման առաջին փուլի փաթեթը:
Կայարանը, որի նախագծումը սկսվել է դեռ ԽՍՀՄ ժամանակ, կառուցվելու է Հալաբյան – Աբելյան խաչմերուկի մերձակայքում՝ «Թումո» կենտրոնի մոտ:
Մետրոգիպրոտրանս ընկերության խորհրդի նախագահ Վալերիյ Աբրամսոնի, Երևանի մոտրոպոլիտենի տնօրինության, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի և մյուս գործընկերներիս հետ իրականացրեցինք շրջայց դեպի 527մ երկարությամբ երկու թունելներ։
Շրջայցի ժամանակ քննարկեցինք թունելները շահագործման պայմաններին համապատասխանեցնելու, ինչպես և կայարանի տեղակայման և թունելներն իրար կապող կամրջի տեսքի վերաբերյալ հարցեր:
Նոր կայարանի կառուցումը էական փոփոխություն կբերի Երևանի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածության և ընդհանուր տրամաբանության մեջ»,- նշում է Տիգրան Ավինյանը։