Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի արծաթե ու բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) չեմպիոն դարձավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Մ23 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում: Լալայանը երկամարտում գրանցեց 440 կգ (200+240) արդյունք։ 23-ամյա ծանրորդը չմոտեցավ պոկման ու հրման երրորդ մոտեցումներին:
Հայաստանի թիմը 15-րդ մեդալը նվաճեց երկամարտում ու ավարտեց ելույթները: Ավելի վաղ չեմպիոն էին հռչակվել Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն էին դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել էին բրոնզե մեդալի:
Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում էր 23 ծանրորդով։