00:00:00

Ադրբեջանն ունի երեք թիրախային լսարան եւ երեք խնդիր է լուծում. Անժելա Էլիբեկովա

18:54, 12 հուլիս 2022 Քաղաքականություն

Շուշիի բռնազավթումից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ եղավ հայկական Շուշին «վերակառուցելու» և յուրացնելու իր վաղեմի երազանքին։ Հայոց բերդաքաղաքում պահպանվող տարբեր ժամանակաշրջանների հայկական մշակույթի ու պատմության վկայությունները բարբարոսաբար քերել-ավերելուն զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ձևախեղել հայկական Շուշիի պատկերը։ Միևնույն ժամանակ, Ալիևի վարչակարգը մշակութային միջոցառումները՝ հատկապես միջազգային մասշտաբի, գերազանցապես անցկացնում է բռնազավթված Շուշիում։ 

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի գնահատմամբ՝ Ադրբեջանն այդ քայլով երեք խնդիր է լուծում, որոնք ուղղված են համապատասխան լսարանների։

«Ադրբեջանն ունի երեք թիրախային լսարան՝ ներքին, միջազգային և հայկական։ Դրանից բխող՝ երեք խնդիր է լուծում․ Շուշին դարձնելով հաղթանակի սիմվոլ՝ ներքին լսարանի մոտ Ադրբեջանն այդ կերպ պահում է հաղթանակի էյֆորիան, պաթոսը։ Երկրորդ թիրախը, ինչպես նշեցի, միջազգային հանրությունն է։ Քանի որ Արցախի բռնազավթված տարածքներից ամենաներկայանալին Շուշին է, Ադրբեջանը փորձում է ճանաչելի դարձնել այն՝ ներկայացնելով որպես իրենը։ Շուշիի ենթակառուցվածքները ծառայեցնելով իր այդ նպատակին՝ Ադրբեջանը միջազգային տարբեր պատվիրակներ է հրավիրում այնտեղ՝ թեկուզ մի քանի ժամով։ Երրորդ թիրախային լսարանը հայկականն է, որի վրա, նախ և առաջ, հոգեբանական ճնշում է գործադրում՝ ցույց տալով բռնազավթված Շուշիի պատկերներն ու աշխուժությունը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

Հայկական կողմից պատասխան գործողություններ, Էլիբեկովայի խոսքով, մեղմ ասած, չկան։ Ադրբեջանագետի խորին համոզմամբ՝ ադրբեջանական այդ քարոզչության դեմ պետական ռազմավարություն է պետք, որը ենթադրում է դիվանագիտական ողջ գործիքակազմի, Սփյուռքի կառույցների ներգրավում։

«Հայկական կողմը, օգտագործելով դիվանագիտական բոլոր խողովակները, Սփյուռքի ներուժը՝ պարտավոր է բարձրաձայնել, որ արտասահմանյան պատվիրակների այցը բռնազավթված հայկական Արցախ իր համար անընդունելի է՝ ինչպես տարիներ շարունակ անում էր Ադրբեջանը։ Եթե հիշում եք, Ադրբեջանը բողոքի նոտաներ էր հղում, ճնշումներ գործադրում Արցախ այցելող օտարերկրացիների վրա, անգամ այդ երկրի ԱԳՆ-ն սև ցուցակ ուներ, որտեղ ընդգրկում էին այդ մարդկանց։ Հայկական կողմն պետք է, առնվազն, իր հստակ դիրքորոշումն արտահայտի այն փաստի առթիվ, որ իր համար ընդունելի չէ հայկական Արցախ արտասահմանյան տարբեր պատվիրակների գործունեությունն ու այցերը՝ Ադրբեջանի հրավերով ու միջնորդությամբ»,-ընդգծեց ադրբեջանագետը։

Անժելա Էլիբեկովայի արձանագրմամբ՝ 2018 թվականից այս կողմ ադրբեջանական քարոզչության դեմ համակարգված աշխատանք չի տարվել՝ մինչդեռ ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար պետական ռազմավարություն է պետք ունենալ և, այդ առումով, շատ կարևոր է համակարգված ու թիրախային աշխատանքը թե՛ միջազգային հարթակներում, թե՛ հայկական և ադրբեջանական լսարանների ուղղությամբ։

Ադրբեջանագետը նաև այն համոզմունքին է, որ Ադրբեջանի հրավերով Արցախի բռնազավթված տարածքներ այցելող արտասահմանյան պատվիրակների հետ անհրաժեշտ է անհատապես աշխատել։

«Այդ մարդկանց պետք է բացատրել, թե ինչու է դա հայկական կողմի համար անընդունելի և դատապարտելի։ Միգուցե նրանց շարքում կան մարդիկ, ովքեր խորապես չեն գիտակցում խնդիրը, դա անում են՝ չպատկերացնելով այդ քայլի հետևանքները»-ասաց ադրբեջանագետն ու հավելեց, որ նման այցերի վերաբերյալ հայկական կողմն առայսօր իր բացասական դիրքորոշումը չի արտահայտել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր