ԱԺ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է: Այն արդեն քառասուն օր է՝ չի մասնակցել ԱԺ աշխատանքներին։ Այս մասին հունիսի 15-ին ԱԺ-ում 2021 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմությունը, նրա խոսքով, որեւէ ոլորտում չի կարողանում կատարել իր պարտավորությունները։
«Մենք տեսանք, թե ինչ տխուր ճակատագիր ունեցավ ընդդիմությունն այս շաբաթների ընթացքում։ Այն չի կարողանում կատարել իր պարտավորությունները ո՛չ խորհրդարանում, ո՛չ իրեն ընտրած քաղաքացիների առջեւ, ո՛չ խորհրդարանական դիվանագիտության հարթակում։ Ինչպես պարզվեց, փողոցում՝ եւս»,- ասաց Կոնջորյանը։
Խոսելով Դիմադրության շարժման նախաձեռնած բողոքի ակցիաների մասին՝ պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ընդդիմությունը փորձում էր օգտագործել Ղարաբաղի հարցը միայն իշխանության գալու համար։
«Ներկայիս ընդդիմությունը մի քանի տասնամյակ պատանդ է պահում Ղարաբաղը եւ, օգտագործելով այս թեման, փորձում է զավթել իշխանությունը Հայաստանում»,- ասաց ԱԺ խմբակցության ղեկավարը։