91 տարեկանում մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանը։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով հարավկորեական Yonhap News լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Հվանը տառապում էր խրոնիկական հիվանդություններով։ Նա մահացել է նոյեմբերի 23-ին Սեուլի Սոդեմուն-գու թաղամասում գտնվող իր տանը առավոտյան մոտավորապես ժամը 08:40-ին (Մոսկվայի ժամանակով 02:40-ին):

Չոն Դու Հվանը ծնվել է 1931 թվականի հունվարի 18-ին։ 1955 թվականին Հվանգն ավարտել է Կորեայի ռազմական ակադեմիան, իսկ 1959 թվականին հոգեբանական պատերազմի հնգամսյա դասընթաց է անցել Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) հատուկ դպրոցում։ 1979 թվականին Հվանը Սեուլում ռազմական հեղաշրջում է իրականացրել, որի արդյունքում վերահսկողություն է հաստատել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության եւ երկրի հիմնական լրատվամիջոցների վրա։

1980-1988 թվականներին դարձել է Կորեայի Հանրապետության հինգերորդ նախագահը։ Նրան հաջորդել է Ռո Դաե Վուն։

Նախագահի պաշտոնավարման ավարտից հետո Հվանը եւ նրա ընտանիքը կասկածվում էին կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ։ 1996 թվականին նա եւ Ռո Դաե Ուն մահապատժի դատապարտվեցին, սակայն ավելի ուշ նրանց ներում շնորհվեց Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Կիմ Դե Չժունի կողմից։ Հվանն ուներ կին՝ Լի Սունջան, եւ երեք երեխա։