00:00:00

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական անձի սպանությունը

02:48, 10 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,-ասվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Արցախի ՔԿ լրատվական ծառայություն հաղորդագրություն է տարածել երեկ Արցախում աշխատանքներ իրականացնող Ջրմուղի աշխատակիցների վրա կրակ բացելու առնչությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է. 2021թ. նոյեմբերի 08-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։ Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետ Մասիս Տեր-Թարխանյանի գլխավորությամբ կազմված քննչական խումբը։ Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր