Թուրքիայի կառավարության առաջնահերթությունը նոր սերնդի F-35 կործանիչների ընդգրկումն է զարգացման ծրագրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, հաղորդում է Ahval-ը։

«Եթե F-35-ի հետ կապված խնդիրը հնարավոր չէ լուծել,  մենք կարող ենք գնալ փոխհատուցման ճանապարհով»,-ասել է նա՝ խոսելով որպես երկրորդ տարբերակ F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի ջանքերի մասին։

Անցյալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի կողմից արդեն իսկ վճարված F-35 կործանիչները պետք է մատակարարվեն, հակառակ դեպքում ԱՄՆ-ը պետք է վերադարձնի վճարված 1,4 միլիարդ դոլարը, կամ տրամադրի այլ տարբերակ։

Քալընը հերքել է լուրերն այն մասին, որ ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղափոխվել են Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

ԱՄՆ-ը Թուրքիային բացառել է F-35 ծրագրից 2019 թվականին այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց Ս-400-ը, իսկ հետո պատժամիջոցներ է սահմանել երկրի պաշտպանական արդյունաբերության դեմ։ Վաշինգտոնը պնդում է, որ Ս-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ եւ սպառնալիք են ներկայացնում անվտանգությանը։