00:00:00

Չպատվաստվածների համար սահմանափակումներ ԵՄ մի շարք երկրներում

15:12, 03 նոյեմբեր 2021 Աշխարհ

Եվրամիության մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցնում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար․ գրել է «Ազատությունը»։ Հունաստանում, ուր վերջին օրերին հիվանդացության շարունակական աճ է գրանցվում, չպատվաստված անձինք այս շաբաթավերջից արդեն պետական հիմնարկ, բանկ, ռեստորան ու վարսավիրանոց կարող են մտնել ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա, PCR) թեստի բացասական պատասխանի դեպքում միայն։ «Եվ սա դեռ ամբողջը չէ», - երեկ հայտարարեց առողջապահության նախարար Տհանոս Պլևրիսը, ընդգծելով՝ «իրավիճակը սրվում է օր-օրի, և եթե չենք ուզում կրկին լոքդաունի գնալ, ուրեմն պետք է կանոնները խստացնենք»։ «Աշխատող բոլոր քաղաքացիները, որոնք մինչ օրս չեն պատվաստվել, պարտավոր են գործատուին շաբաթական ոչ թե մեկ, այլ՝ երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել ։Այս կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 6-ից։ Կարգազանցներին սպառնում է տուգանք, նվազագույնը՝ 5 հազար եվրոյի չափով», - ասաց Պլևրիսը։ Երեկ ուշ երեկոյան նոր սահմանափակումների մասին հայտարարեց նաև Նիդերլանդների վարչապետը։ Ավելի քան 17 միլիոն բնակչություն ունեցող երկրում այս շաբաթավերջից անհնար կլինի հանրային փակ տարածքներ, այդ թվում՝ թանգարաններ ու մարզասրահներ մտնել առանց պատվաստումը հավաստող վկայագրի։ Բացի այդ, կառավարությունը նաև պարտադիր է դարձնում դիմակներն ու հորդորում սոցիալական հեռավորություն պահպանել։ «Կոչ եմ անում հետևել անվտանգության կանոններին, եթե հիվանդության ախտանշաններ ունեք կամ շփվել եք հիվանդի հետ, տանը մնացեք։ Մեր վարքագիծը կենսական նշանակություն ունի, և դրանից է մեծապես կախված` կառավարությունը ինչ քաղաքականություն կորդեգրի», - հայտարարում էր Մարկ Ռյուտեն։ Արդեն մեկ շաբաթ է՝ առանց պատվաստման վկայագրի անհնար է առևտրի կենտրոն, մարզասրահ կամ կինոթատրոն մտնել նաև Ռումինիայում։ Միայն երեկ այստեղ վարակի ավելի քան 11 հազար դեպք է գրացվել, մահացել է 586 մարդ։ Իշխանությունները մի քանի օր է զգուշացնում են, որ վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ տեղ չկա, Գերմանիան նախօրեին ստիպված էր հատուկ ուղղաթիռներ ուղարկել՝՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ռումինացիներին տարհանելու համար։ Պատճառները թվելիս մասնագետները վիճակագրությունն են մատնացույց անում՝ Ռումինիայում մինչ օրս չափահաս բնակչության միայն 37 տոկոսն է պատվաստվել, ինչը երկրորդ ամենացածր ցուցանիշն է Եվրամիության կազմում՝ Բուլղարիայից հետո։ «Սա բերում է ծանր դեպքերի ու մահացության թվի աճի», - հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը, փաստելով՝ նախօրեին մահացած հիվանդների 90 տոկոսը՝ 591 ից 541-ը, պատվաստված չեն եղել։ Ի դեպ, մի քանի ամիս է՝ Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը համեմատական ուսումնասիրություններ է անցկացնում՝ պատվաստումների ու մահացության դեպքերի, ինչպես նաև հիվանդացության աճի կապը պարզելու համար։ Օգոստոսին ամերիկյան նահանգներից ստացված տվյալները ցույց են տվել՝ տարիքային միևնույն խմբում չպատվաստված անձանց մոտ, ի տարբերություն պատվաստվածների, վեց անգամ ավելի մեծ է քովիդով վարակվելու, տասնմեկ անգամ ավելի բարձր՝ դրանից մահանալու հավանականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր