Հայաստանում Ամերիկայի դեսպանատան հաղորդմամբ, Երևան կատարվելիք այցի ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև՝ կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

“Ուրախ ենք, որ տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոնք թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը”,- նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական ներկայացուցիչների հետ։

Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)։