00:00:00

Սկանդալ հայկական ֆուտբոլում. Արարատ Հարությունյանը ցմահ զրկվել է ֆուտբոլից

00:35, 06 մայիս 2018 Սպորտ

Մայիսի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի դիմումը՝ կապված պայմանավորված խաղ կազմակերպելու հետ: Արդյունքում որոշում է կայացվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ»- տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: Հայաստանի առաջնության 27-րդ տուրում մայիսի 5-ին «Շիրակ»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բանանց»-ի դարպասը, «Ալաշկերտ»-ը 3:2 հաշվով հաղթել է «Արարատ»-ին, իսկ «Գանձասար-Կապան»-ը՝ 4:3 հաշվով «Փյունիկ»-ին: 48 միավոորով «Շիրակ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որին 3 միավորով զիջում է «Ալաշկերտ»-ը: 41 միավորով երրորդ հորիզոնականում է «Գանձասար Կապան»-ը: Ստորև ներկայացվում է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությունը. ՕՐԱԿԱՐԳ՝ Բանանց ՖԱ-ի դիմումի քննարկումը կապված պայմանավորված խաղի կազմակերպման հետ Հարցը ներկայացվեց Կոմիտեի նախագահ՝ Ռ.Սինոյանի կողմից: Նա հայտնեց, որ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները): Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում: Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից: Նշված հարցը ներկայացվել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեին, որն էլ տվել է եզրակացություն այն մասին, որ՝ <Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով Բանանց ՖԱ-ի գրությունը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստի (Էդվարդ Կպոդո) համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը, եկավ այն համոզման, որ Արարատ Հարությունյանն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք: Ինչ վերաբերում է Շիրակ ՖԱ-ի այն պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակից Արարատ Հարությունյանի վերոնշյալ արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկավ այն համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրությունները և սղագրություններն այլն են ապացուցում: Բացի այդ, նման պայմաններում Շիրակ ՖԱ-ն ակնհայտորեն հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն և հետևաբար նաև պատասխանատուն>: Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրել էր նաև Արարատ Հարությունյանին, ով թեև չներկայացավ նիստին, սակայն հեռախոսակապով ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչն իր գիտությամբ նաև ձայնագրվում էր (կցվում է): Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման և նախկինում նրա հասանելիք պարգևավճարների հետ և որ ինքը որևէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել: Արարատ Հարությունյանն ընդհանուր առմամբ փորձեց ներկայացնել իրականությունն այնպես, որ խաղի արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ իր կողմից, և որին ինքն՝ ըստ էության չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, երևի սխալվել է, մեղավոր է: Կարգապահական կոմիտեի անդամների տարբեր հարցերին, փաստարկներին և ֆուտբոլիստի հետ իր իսկ խոսակցության սղագրության մեջբերումներին Արարատ Հարությունյանը տվեց ընդհանուր առմամբ իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ և փաստական ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ: Համաձայն ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածի 1-ին կետի ` «1. Պայմանավորված խաղերի կազմակերպումը, մասնավորապես` Ֆուտբոլիստներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ (ոչ սիրողական) ֆուտբոլի մրցումների մյուս մասնակիցներին, կազմակերպիչներին և ֆուտբոլային այլ սուբյեկտներին անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ որևէ այլ անձի համար դրամ, տարադրամ, գույք, գույքի նկատամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը կամ նույն անձանց կողմից ստանալը` այդ մրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով Պատժվում է Ֆիզիկական անձանց համար` – տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև հինգհազարապատիկ ՀՀ դրամի չափով – և/կամ որակազրկմամբ /ֆուտբոլիստի համար/ 1-ից մինչև 2 տարի ժամկետով – և/կամ որևէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելքով, 3 տարուց մինչև ցմահ ժամկետով: Իրավաբանական անձանց համար` – տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասնհինգհազարապատիկ ՀՀ դրամի չափով – և/կամ թիմի միավորների նվազեցմամբ 12 միավորի չափով – և/կամ նվաճած մրցանակներից զրկմամբ -և/կամ տվյալ առաջնության մասնակցությունից զրկմամբ 12 – և/կամ թիմին ավելի ցածր առաջնություն տեղափոխմամբ – և/կամ որևէ ֆուտբոլային առաջնությանը մասնակցելու /թիմեր ներկայացնելու/ արգելքով 1-ից մինչև 3 տարի ժամկետով:» Համաձայն ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` «2. Ֆուտբոլային սուբյեկտները պատասխանատվություն են կրում իրենց անդամների և իրենց կողմից ներգրավված այլ պաշտոնատար անձանց անվայել վարքի և իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար:» Կարգապահական կոմիտեն արձանագրեց նաև, որ պայմանավորված խաղի արդյունքում իրական շահառուն Շիրակ ՖԱ-ն է և որ համաձայն Կարգապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի վերջինս, որպես ֆոտբոլային սուբյեկտ՝ ևս պատասխանատվություն է կրում իր պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների համար: Արդյունքում, կարգապահական կոմիտեն, մանրամասն քննելով գործին կցված բոլոր ապացույցները ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցության մեջ՝ եկավ այն համոզման, որ իրականում տեղի է ունեցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017-2018թթ մրցաշրջանի 27-րդ մրցափուլի Բանանց-Շիրակ թիմերի միջև 05.05.2018թ-ին կայանալիք հանդիպման արդյունքների վրա ազդելու նպատակով պայնավորված խաղի կազմակերպում / ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածի 1-ին կետ/ և որ պայմանավորված խաղի կազմակերպան գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված է եղել Շիրակ ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը: Ելնելով վերոգրյալներից՝ կարգապահական կոմիտեն միաձայն որոշեց. 1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ: 2. Շիրակ ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր