Ռոզի
Վարդան Կարապետյանն ասում է` Ռոզին իրենց ընտանիքի երջանկությունն է ու այն ուժը, որ օգնեց հաղթահարել մյուս 4 երեխաների կորուստը:
«Ինձ այդպես էլ կհիշեն որպես հնգյակի հայր, լինում է, որ փողոցում ճանաչում են, մոտենում», - Aysor.am-ին պատմում է Վարդանը:
Փրկված աղջկան Ռոզի են անվանել Վարդանի մոր` Ռոզայի անունով: Այսօր, ըստ հայրիկի, երեխան չունի ոչ մի առողջական խնդիր.
«Առողջական առումով ամեն ինչ նորմալ է: Արդեն իր բնավորության գծերն էլ են նկատվում ու մի գիծն ակնհայտ է` շատ աշխույժ է», - ժպտում է Վարդանը:
Հնգյակի ծնունդից հետո երիտասարդ ընտանիքին օգնելու ցանկություն հայտնեցին բազմաթիվ կառույցներ ու քաղաքացիներ:
Լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ ընտանիքը մինչ այդ ապրել է հանրակացարանային պայմաններում:
Արդյունքում Մայր Աթոռից, խոստման համաձայն, ընտանիքին նվիրեցին 4 սենյականոց բնակարան Մեծամոր քաղաքում, որտեղ էլ հիմա ապրում են:
«Նաև այդ օրերին մի քաղաքացի իմ հաշվեհամարին 140 հազար դրամ փոխանցեց` անանուն էր, չգիտեմ էլ ով էր, բայց շատ շնորհակալ ենք: Պետությունն էլ արեց ամեն բան, ինչ նախատեսվում էր», - ասում է Վարդանը:
Հիմա նա ունի կայուն աշխատանք` նույն տեղում, ինչ և հայտնի հնգյակի հայրիկ դառնալուց առաջ:
«Այդ օրերին աշխատանքների շատ առաջարկներ եղան ինձ, բայց արդյունքում, երբ աղմուկն անցավ, ոչ մի կոնկրետ բան չեղավ, մնացի իմ նախկին աշխատանքին, բայց գոհ եմ», - ասում է:
Մյուս 4 երեխաների կորուստն ընտանիքը դեռ փորձում է հաղթահարել, բայց ինչպես Վարդանն է ասում` հասկանում են, որ պիտի հաշվի նստեն իրականության հետ.
«Իրականության հետ պետք է հաշվի նստես: Չես կարող անդընդհատ ասել` ինչի՞ այսպես եղավ... Շատ ցավալի էր, շատ, բայց երևի Ռոզիին ունենք ու ինքը մեր երջանկության աղբյուրն է», - ասում է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում