00:00:00

Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորները ճնշել են ՀՀԿ-ականներին. քաղաքական ճգնաժամը խորանում է. «Ժողովուրդ»

13:30, 02 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն բացահայտ մարտահրավեր է նետել հասարակությանը` ցույց տալով, որ իրենք պատրաստ են խորացնել քաղաքական ճգնաժամը, պատրաստ են գնալ ամենավերջին ստորությունների, առճակատումների` հանուն իշխանությունը ևս մեկ օր պահպանելու:
Երեկ խորհրդարանում 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ տապալվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Օրվա սկզբում սպասվում էր՝ ՀՀԿ-ից, այնուամենայնիվ, մի քանի հոգի կողմ կքվեարկի Փաշինյանին: Սակայն օրվա վերջում իրավիճակ փոխվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք դեմ չեն եղել Փաշինյանի օգտին քվեարկելուն, ենթարկվել են հոգեբանական ճնշումների: Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորներն իրենց գործընկերներին համոզել են մոտավորապես հետևյալ խոսքերով. «…այսքան տարի միասին ճանապարհ ենք անցել, չպետք է մեկ օրում եղածն ուրանալ, այլապես կստացվի Սարգսյանի հրաժարականով հիմա թիմն է քանդվում», «մենք նեղ օրվա ընկեր ենք» և այլն: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ. բացի Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանից, որը կողմ էր քվեարկել ժողովրդի թեկնածուին, մյուս ՀՀԿ-ականները դեմ եղան: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի պատրաստվում նահանջել: Հանրապետության հրապարակում ԱԺ հատուկ նիստին հետևելու համար հավաքված և մոտ 10 ժամ իրեն սպասող քաղաքացիների հետ արդեն ուշ երեկոյան հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից վերսկսվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցների շրջափակում և այլն, ու այսպես այնքան ժամանակ, քանի դեռ դե յուրե չի արձանագրվել ժողովրդի հաղթանակը: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները ջնջել են սոցիալական ցանցերում իրենց էջերը. պատճառը քաղաքացիների «հարձակումներն» են եղել, երբ ամենավերջին հայհոյանքներով մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտել ՀՀԿ-ի և ՀՀԿ-ականների մասին: Սա պատասխանն էր ԱԺ նիստում նրանց քստմնելի պահվածքի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր