Հարգելի ոստիկանապետ,
պարոն Վահե Ղազարյան,
Ձեզ եմ դիմում որպես Հայաստանում քանիցս հետապնդումների ենթարկված քաղաքացի՝ ակնկալելով Ձեր անմիջական ջանքերը կատարված հանցանքի բացահայտման գործում:
Երեկ՝ ապրիլի 14-ին, տեղի է ունեցել հերթական ոտնձգությունը իմ անձի և գործունեության դեմ:
Բանն այն է, որ ապրիլի 14-ին, ժամը 12:00-ի սահմաններում իմ հիմնադրած լրատվական կայքի՝ NEWSPRESS.am-ի աշխատակիցը բացահայտել է, որ կոտրել են կայքի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որն ունի ավելի քան 40.000 (քառասուն հազար) հետևորդ: «Nikki Williams» անուն ազգանունով ֆեյսբուքյան ակնհայտ կեղծ պրոֆիլը, կոտրելով կայքի Ֆեյսբուքի էջը և մուտք գործելով էջի կարգավորումներ, նշանակել է իրեն «ադմինիստրատոր»՝ գործող ադմինիստրատորներին դարձնելով «անալիտիկ»՝ այդպիսով զրկելով մնացած բոլորն էջը ղեկավարելու հնարավորությունից:
Ակնհայտ է, որ տեղի է ունեցել կիբերհանցագործություն, և ես ունեմ բոլոր հիմքերը՝ կարծելու, որ դա քաղաքական հետապնդում է՝ պայմանավորված իմ գործունեությամբ: Մեկ անգամ չէ, որ ես իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերների ժամանակ քննադատել եմ այս կամ այն քաղաքական ուժին:
Պարոն ոստիկանապետ,
Որպես օրենքի պաշտպան, վստահ եմ, որ կարևորում եք ազատ խոսքն ու կիբերանվտանգությունը մեր երկրում: Հույս ունեմ, որ կներդնեք Ձեր գործուն ջանքերը՝ բացահայտելու այս ողորմելի հանցագործությունն ու պատժելու դրա հեղինակին/հեղինակներին, որպեսզի այս արատավոր երևույթը նախադեպ չդառնա նոր հանցագործությունների համար:
Հարգանքով և վստահությամբ՝
Արիանա Հովսեփյան