Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ, որոնք նաև լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ:
Օրինակ՝ կորոնավիրուսային վարակով և հաստատված թոքաբորբով պացիենտները իրազեկված չեն եղել դեղ ստանալու իրենց իրավունքի մասին:
Օրինակ՝ բողոք ներկայացրած անձը տեղեկացրել է, որ ընտանիքի վարակակիր անդամների մոտ հաստատվել էր թոքաբորբ և նշանակվել դեղորայք: Մինչդեռ, վերջիններս չեն կարողացել գնել դեղերը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:
Պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դրանք անհրաժեշտ է ստանալ այն պոլիկլինիկայից, որտեղ հաշվառված են:
Մեկ այլ բողոքով էլ դիմողը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հոր առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն անհարկի ձգձգվում է վերջինիս հոսպիտալացումը: Պաշտպանի ներկայացուցչին բժիշկը հավաստիացրել է, որ մի քանի օր անընդմեջ չի հաջողվել կապ հաստատել պացիենտների տեսակավորման՝ տրիաժ կենտրոն, հոսպիտալացումը կազմակերպելու նպատակով: Նշել է, որ դժվարությամբ է հաջողվել կապ հաստատել և հաղորդել պացիենտի տվյալները, այժմ էլ սպասում են ցուցումներին: Տրիաժ կենտրոնից էլ Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն են ներկայացրել ազատ մահճակալի բացակայության համակարգային խնդրի և հնարավոր հոսպիտալացման ոչ հստակ ժամկետների վերաբերյալ:
Նմանատիպ բողոքների ուսումնասիրությունը վկայել է, որ հոսպիտալացումների կազմակերպումը համակարգված չի եղել, երբեմն ավելի ուշ հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակով հիվանդները, քան մյուս հիվանդները, քանի որ վերջիններս ունեցել են առավել մեծ «հնարավորություններ»:
Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի լուծումը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն է, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պարտադիր մասնակցության պայմանով: